Իսրայելի նորանշանակ դեսպանը ՀՀ նախագահին է հանձնել իր հավատարմագրերը

103

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հունիսի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին իր պատասխանատու աշխատանքում:

«Դեսպան Յոել Լիոնը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-իսրայելական համագործակցության ընդլայնման և խորացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգին որակական նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։