Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուկրաինական ճգնաժամի ակտիվ փուլ մտնելուց հետո որոշակի փոփոխություն է կրել: Մասնավորապես դա վերաբերում է մի շարք ուղղություններով Թուրքիայի քաղաքականության իրացման տեմպին և առաջնահերթություններին։
Առաջին հերթին Թուրքիան դիվանագիտական ջանքերը մեծապես կենրտոնացրեց մի կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի, մյուս կողմից Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդի դերը ստանձնելու, այն ամրագրելու ուղղությամբ։
Այս ձգտումը մի կողմից բխում է Թուրքիայի ապագայի տեսլականից, ըստ որի Թուրքիան իրեն տեսնում է որպես կամուրջ, որը պետք է կապի Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։ Այս համատեքստում Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությունը դիտարկում է որպես հնարավորություն տարբեր կենտրոնների տարաձայնությունների հակակշռման արդյունքում հասնել սեփական դիրքերի ամրապնդմանը։
Մյուս կողմից դիվանագիտական ջանքերի կենտրոնացումն ուկրաինական ուղղությամբ վերոնշյալից բացի ունի գործնական պրակտիկ նշանակություն․ Արևմուտք-Ռուսաստան ոչ ուղղակի բախման պայմաններում ապահովագրել իրեն հնարավոր քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներից։
Ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության արդյունքում Թուրքիային հաջողվել է առանց լուրջ խնդիրների հանդիպելու չմիանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին: Միևնույն ժամանակ Ռուսաստանի հարձակումը դատապարտող հայտարարարություններ անելու և զուգահեռաբար Ուկրաինային տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու միջոցով Թուրքիան հավասարակշռություն է պահպանում հակամարտող կողմերի միջև: Սա թե՛ հակամարտությունից ածանցյալ խնդիրների մեջ ներգրավվելու հնարավորության է ընձեռում, թե՛ նոր մարտահրավերներ ստեղծում՝ մասնավորապես դաշնակից երկրների հետ:
Մասնավորապես Թուրքիան ակտիվորեն է ներգրավվել է պարենային ճգնաժամ թույլ չտալու աշխատանքներին: Փորձելով դառնալ Ուկրաինայից հացահատիկի արտահանման գլխավոր կազմակերպիչը՝ Թուրքիան ոչ միայն միջազգային դիրքերն է ամրապնդում, այլև ձգտում է մեղմել հնարավոր ներքին խնդիրները, որ կարող են առաջանալ հացահատակի դիֆիցիտի պայմաններում։
Ուկրաինական ճգնաժամը և դրան հարակից խնդիրները Թուրքիային հնարավորություն տվեցին կրկին օրակարգ բերել Թուրքիայի կարևոր օրակարգային հարցերից մեկը՝ քրդական խնդիրը:
Որպես օրինակ՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիան կոշտ դիրքորոշում էր ընդունել՝ սպառնալով վետո դնել հարցի վրա։
Թուրքիայի պնդմամբ՝ այդ երկրները հաշվի չեն առնում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի անվտանգային մտահոգությունները և աջակցում են քրդական կազմերպություններին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում: Ըստ այդմ՝ Թուրքիան պատրաստ է աջակցել այս երկրների անդամակցությանը, եթե հաշվի առնվեն Թուրքիայի մտահոգությունները և ընդունվեն 10 պահանջները: Սակայն, հաշվի առնելով խնդրի շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների մեջ ներգրավված երկրների շրջանակը և քննարկվող հարցերը, Թուրքիայի պահանջները չեն սահմանափակվել այդքանով:
Այսպես՝ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդմակցության հարցն օգտագործեց Սիրիայի հյուսիսում՝ քրդերի դեմ հերթական ռազամական գործողություն սկսելու համար հող նախապատրաստելու նպատակով։
Հատկանշական է այստեղ այն, որ ընդամենը 2 ամիս առաջ Թուրքիայում ամենաբարձր մակարդակով քննարկվում էր Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ փնտրելու հնարավորությունները: Սակայն աշխարհաքաղաքական պատեհ զարգացումները կրկին թույլ են տալիս արագորեն փոխել քաղաքականությունը և կրկին օրակարգ բերել Սիրիայի հյուսիսում սահմանի երկայնքով 30 կմ-ով անվտանգության գոտին ընդլայնելու հարցը։ Ընդ որում՝ դա հիմնավորում է նրանով, որ 2019թ. նման պայմանավորվածություն է ձեռք բերվել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի հետ։
Թուրքիան շվեդական և ֆինական թեման ցանկանում էր օգտագործել Սիրիայի հյուսիսում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից որոշակի զիջումներ կորզելու համար, սակայն ռազմական գործողության իրականացման հետաձգումը, իսկ այժմ էլ արդեն ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը համաձայնություն տալը վկայում է, որ սիրիական հարցում Անկարային չի հաջողվել հաջողություն գրանցել:
Նույն ժամանակահատվածում սկսվել է նաև Հունաստան-Թուրքիա հարաբերությունների հերթական լարումն Էգեյան ծովում: Այս ուղղությամբ վերջին լուրջ սրացումը 2020թ. ընթացքում էր գրանցվել: Այդ ժամանակ ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի տակ Անկարան փոխեց մարտավարությունը, և երկու երկրները բանակցությունների փուլ մտան:
Այս անգամ կողմերը բավականին սուր հռետորաբանություն են օգտագործում: Մասնավորապես վերջերս ԹՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Էգեյան ծովում հունական կղզիների շարունակական ռազմականացման դեպքում դրանց վրա հունական ինքնիշխանության հարցը կարող է վիճարկվել:
ԱՄՆ-ի և եվրոպական հիմնական երկրների կողմից Հունաստանին աջակցության ֆոնին հավանական ռազմական գործողությունները թեև հնարավոր չէ բացառել, սակայն նվազ կանխատեսելի են:
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համար հանգուցային նշանակություն ունի Հարավային Կովկասը: Մասնավորապես Թուրքիան այս տարածաշրջանը դիտարկում է որպես Կենտրոնական Ասիա-Թուրքիա-Բալկաններ լոգիստիկ շղթայի կարևորագույն օղակ, որի նշանակությունն էլ ավելի է ընդգծվում ՌԴ-ով Չինաստանից-Եվրոպա ձգվող տարանցիկ ուղու շուրջ խնդիրների պատճառով:
Թուրք բարձրաստիճան պաշտոնայները բացահայտ նշում են, որ այս իրավիճակը բացառիկ հնարավորություն է ՌԴ-ով անցնող բեռնափոխադրումների ծավալի գոնե 30 տոկոսը դեպի Միջին միջանցք տեղափոխելու համար:
Սակայն, Հարավային Կովկասը և մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ռուս-ուկրաիանական հակամարտության ակտիվ փուլի մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի առաջնահերթություններում հետին պլան է մղվել:
Դա ակնհայտորեն երևում է, ինչպես հայ-թուրքական կարգավորման գործընթացի դանդաղեցմամբ, այնպես էլ մինչև ճգնաժամը նաև ԹՀ կողմից ակտիվորեն առաջ մղվող 3+3 ձևաչափի ձևավորման ուղղությամբ ակտիվ քայլերի բացակայությամբ:
Վերոնշյալի համատեքստում, ինչպես արդեն նշվեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որոշակիորեն դանդաղելուն զուգընթաց փոխվել է թուրքական պաշտոնական հռետորաբանությունը և քարոզչությունը՝ առավել լայն տեղ տալով Ադրբեջանի դերակատարման կարևորման և ընդհանուր խնդիրների առաջ մղմանը:
Բացի այդ, Թուրքիան կրկին ակտիվացրել է «Զանգեզուրի միջանցքի» հարցում թուրք-ադրբեջանական ընկալումներով անխափան ուղի ստանալու մասին հռետորաբանությունը: Դրանք անհրաժեշտ է դիտարկել Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի հարցում թուրքական ակտիվության համատեքստում, քանի որ այն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն զուգահեռ, ըստ թուրքական ընկալման, մաս է կազմում Միջին միջանցքի:
Մինչդեռ Հայաստանի հետ կարգավորման գործընթացի մեկնարկից հետո գոնե առերևույթ «Զանգեզուրի միջանցքի» թեման որևէ պաշտոնյայի կողմից չէր արծարծվում՝ թեմայի մասին խոսելու դերակատարումը թողնելով Ադրբեջանին:
Իսկ ներկայում կրկին այն օգտագործվում է ՀՀ վրա որպես ճնշման միջոց՝ հարաբերությունների կարգավորման համար անուղղակի նախապայման:
Իսկ ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի մի շարք առանցքային դերակատարների հետ «կարգավորման» քաղաքականության շրջանակներում ԹՀ նախաձեռնած գործընթացների վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցությանը, ապա այս հարցում մեծ տեղաշարժեր չկան:
Թերևս որոշակի տեմպի նվազման միտումներ են նկատվում, սակայն Թուրքիան շարունակում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները, փորձ է արվում առաջ մղել Իսրայելի հետ տարվա սկզբին սկսված բաց երկխոսությունը, ինչպես նաև հասնել Եգիպտոսի հետ արդյունավետ երկխոսության հաստատման:
Անահիտ Վեզիրյան