Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները

225

Հունիսի 28-ին Մադրիդում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հուշագիր էին ստորագրել: Այդպիսով՝ Թուրքիան Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը չարգելափակելու հանձնառություն է ստանձնել, իսկ սկանդինավյան 2 երկրները խոստացել են հաշվի առնել Թուրքիայի շահերը և մտահոգությունները:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է գործընթացի հնարավոր արդյունքներին և հետևանքներին, փոխանցում է ermenihaber-ը:

«Բավականին տևական սակարկություններից հետո Թուրքիան չարգելափակեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացը։ Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել:

Հնարավոր արդյունքները.

1. Արևելյան առևտրականի տրամաբանությամբ շարժվող Թուրքիան իր երկու «հաճախորդներից»՝ Ռուսաստանից և Արևմուտքից (պայմանական ձևակերպմամբ), ինչպես և կանխատեսվում էր, ընտրեց երկրորդին, որից, ըստ էության, առկա պայմաններում շատ ավելի շոշափելի հաղթաթղթեր է հնարավոր կորզել։

2. Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ առանձին պայմանավորվածությունների համաձայն՝ Անկարային կարող է հաջողվել ստանալ սկանդինավյան երկու երկրներին նախապես ներկայացված առնվազն 10 կետանոց պահանջների բավարարումը։

3. Կողմնակի էֆեկտով դրական ֆոն ապահովել ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) երկրների հետ ոչ միանշանակ հարաբերությունների, ռազմավարական հարցերի օրակարգերի համար։

4. Արևմուտքից գոնե առժամանակ ստանալ առավել բարենպաստ դիրքորոշում Արևելյան Միջերկարականում և Էգեյան ծովում եղած խնդիրների վերաբերյալ։

5. Հասնել հատկապես ԱՄՆ-ի առավել լոյալ մոտեցմանը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սահմանափակ ռազմագործողություն իրականացնելու հարցում, որը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում և ներկայում բխում է Վաշինգտոնի շահերից։

Հնարավոր հետևանքները.

1. ՆԱՏՕ-ում Անկարայի քննարկվող մոտեցումը հերթական ռազմավարական վնասը հասցրեց Մոսկվային։ Հետևաբար չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տվյալ շրջափուլում կարող են տեղափոխվել համագործակցայինից դեպի մրցակցային հարթություն, որը երկկողմ տարաբնույթ ձևաչափերից բացի, կարող է ազդել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում և հակամարտություններում կողմերի համագործակցության վրա։

Ա) Տնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական ոլորտներում հարաբերությունների ժամանակավոր սառեցման հնարավորություն։ Մասնավորապես, նշված ոլորտներում Մոսկվան կարող է նվազեցնել հետաքրքրությունը կամ արհեստական խնդիրներ առաջացնել մասնավոր ոլորտի փոխհարաբերություններին (առևտուր, զբոսաշրջություն և այլն)։

Բ) Ուկրաինական ճգնաժամում, սիրիական հակամարտությունում, արցախյան հիմնախնդրում, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիային արտոնված դերակատարման խոչընդոտում։ Մասնավորապես, նշված բոլոր հիմնախնդիրներում Մոսկվան կարող է զգալիորեն նվազեցնել Անկարայի մանևելու հնարավորությունները, որոնք վերջինիս զիջվել էին Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում խնդիրներ հարուցելու կրեմլյան մարտավարության արդյունքում»։