Իրանում ձերբակալվել է կորոնավիրուսի մասին սոցցանցերում կեղծ տեղեկություններ տարածողը

1560

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին կեղծ լուրեր տարածած քաղաքացուն։ Իրավապահներին հետաքրքրել է սոցիալական ցանցերում տարածված տեսահոլովակը, որը վերնագրված է եղել հետևյալ կերպ․ «Կորոնավիրուսով վարակված առաջին մարդու հոսպիտալացումը Քուրդիստանի (Իրանի արևմտյան նահանգ- խմբ․) հիվանդանոցներից մեկում»։

Իրանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութը հրապարակած անձին հաջողվեց նույնականացնել, իսկ դատական օրդեր ստանալուց հետո նա ձերբակալվել է»։ Հրապարակման հեղինակը նշել է, որ պարզապես կատակել է։

Մյուս կողմից, Իրանի բժիշկները հերքել են երկրում կորոնավիրուսի առկայության լուրը։ Իրանի իշխանությունները, վիրուսի մուտքը երկիր կանխելու նպատակով, ավելի վաղ կասեցրել էին Չինաստանի հետ օդային հաղորդակցությունը։ Իրանի օդանավակայաններում ստուգում են բոլոր ժամանողների ջերմությունը, իսկ կասկածներ առաջանալու դեպքում ուղևորները լրացուցիչ զննություն են անցնում։