Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար Ավիվ Կոհավին կիրակի հայտարարել է, որ Իսրայելի «բարոյական պարտավորությունն» է Իրանի միջուկային ծրագրի կանխման համար դիտարկել այդ թվում ռազմական սցենարը:
«Իսրայելի բանակը շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը և պետք է նախապատրաստվել յուրաքանչյուր զարգացման և յուրաքանչյուր սցենարի», – ասել է նա:
Նրա խոսքով՝ ռազմական տարբերակի նախապատրաստումը բխում է Իսրայելի անվտանգությունից և գտնվում է Իսրայելի պաշտպանության բանակի նախապատրաստական աշխատանքների «կենտրոնում»՝ ներառելով մի շարք օպերատիվ պլաններ, հսկայական ռեսուրսներ, համապատասխան զենքի ձեռքբերում և հետախուզություն։
«Իրանին դիվանագիտական ճանապարհով միջուկային զենք ձեռք բերելու արգելափակումը նախընտրելի է, սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ դիվանագիտությունը կարող է ձախողվել կամ հաջողվել միայն կարճ ժամանակով», – հավելել է Կոհավին:
Հիշեցնենք, որ կիրակի Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Al Jazeera-ի արաբական հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել էր, որ շուտով Իրանը կկարողանա ուրանը հարստացնել 60%-ով, ապա շատ հեշտությամբ արտադրել 90% հարստացած ուրան:
«Գաղտնիք չէ, որ մենք տեխնիկական կարողություններ ունենք միջուկային զենք արտադրելու, սակայն մենք դա անելու որոշում չունենք»,- ասել էր նա: