Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեղադրելով նրան տնտեսական, ռազմական և մշակութային ահաբեկչության մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը՝ լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ հունվարի 3-ին իրանցի հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ Թրամփի անմիջական հրահանգով, պետական ահաբեկչական գործողություն էր։
«Պարոն Թրամփն այս պահին մեղադրվում է իրանցի ժողովրդի դեմ տնտեսական և մշակութային ահաբեկչության հովանավորչության մեջ։ Նա սպառնացել է հարված հասցնել մեր մշակութային արժեքներին, նաև մեղադրվում է պետական ահաբեկչության մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս երեք մեղադրանքներով դատավարություն կսկսի Թրամփի դեմ», – նշել է Զարիֆը։