ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Հուլիսի 18-ին պատվիրակությունն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպել Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայոց պատրիարքարանի գործունեությանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Հայաստանի միջև կապին: Վահան Նարիբեկյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հուլիսի 19-ին հանդիպել է Իսրայելի Քնեսեթի աշխատակազմի գլխավոր տնօրեն Ժիլ Սեգալի հետ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը միտված հարցեր: Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն` տարբեր ուղղություններով զարգացնել աշխատակազմերի համագործակցությունը, նախագծել համատեղ ծրագրեր: Վահան Նարիբեկյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու ՀՀ ԱԺ աշխատակազմի պատրաստակամությունը:
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաև Քնեսեթի կողմից կազմակերպված երկօրյա «Խորհրդարանական ավագ պաշտոնյաների համար» խորագրով աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի, Կանադայի Համայնքների պալատի, Ավստրիայի խորհրդարանի և մի շարք այլ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Քննարկվել են աշխատակազմերի գործունեության կարգավորման համար ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, բյուջետավորումն ու հետազոտական կարողությունները, ներկայացվել է Քնեսեթի աշխատակազմի ժողովրդավարական կրթության մեխանիզմները:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Քնեսեթի խոսնակ Միկի Լևին` կարևորելով աշխատակազմերի հսկայական ներուժն ու ազդեցությունը խորհրդարանների արդյունավետ և անխափան գործունեության վրա: