Իրանի համար կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը: Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպմանը:
Նա սիրիացի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Աստանայի ձևաչափով եռակողմ հանդիպումից:
Աբդոլլահիանը շեշտել է, որ Իրանն անհանգստանում է Սիրիայի տարածքում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության կապակցությամբ և այդ առնչությամբ կշարունակի թուրքական կողմի հետ երկխոսությունը:
Միկդադն իր հերթին շեշտել է, որ Սիրիան դեմ է Թուրքիայի ռազմական գործողությանը, քանի որ դա երկու երկրների միջև առճակատման կարող է հանգեցնել: Նա շեշտել է, որ դեմ են նաև Սիրիայում թուրքական ցանկացած միջամտությանը, այդ թվում՝ թուրքացման քաղաքականությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը ժամանել է Թեհրան: