ԱԱԾ. Հայաստանցիներն ադրբեջանական համարներից զանգեր են ստացել

986

Հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ:

Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

«Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»,-հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։