Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը պահանջում է ընտրությունները անվավեր ճանաչել

803

Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն է տարածել այդ երկրում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ընտրությունները տեղի են ունեցել ոչ ժողովրդավարական նախընտրական գործընթացների պայմաններում և խախտված է եղել քաղաքական հավասար մրցակցության սկզբունքը։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառները, ըստ «Մուսավաթի» հիմնավորված չեն, և քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը հապճեպ է եղել քաղաքական ուժերը և հասարակությունը չեն կարողացել պատշաճ կերպով նախապատրաստվել ընտրական գործընթացներին։

Հաշվի առնելով այս հանգամանքները, նաև այն, որ ընտրական գործընթացները՝ թե´ քվեարկության, և թե´ քվեները հաշվելու ընթացքը ուղեկցվել են ակնհայտ խախտումներով՝ «Մուսավաթ» կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել և չեղյալ համարել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ դրանք չեն արտացոլում Ադրբեջանի ժողովրդի կամքը և երկում իրականացնել իրական ժողովրդավարական բարեփոխումներ։