Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում պաշտոնապես շահագործման հանձնվեց Դեբեդ գետի վրա կառուցված նոր կամուրջը:
«Բարեկամություն» անվանումը ստացած նոր կամրջի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար երկու կողմից ժամանել էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ղեկավարները:
Հայ-վրացական անցակետում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ՝ շնորհավորելով միմյանց հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող կամրջի գործարկման կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ողջունելու ներկաներին հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:
«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու բարեկամ երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններին համապատասխան, զարգացնելու և խորացնելու եղբայրական Վրաստանի հետ հետագա հարաբերությունները»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում, որը համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է:
Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ երկու պետությունների տարածքում կառուցված 160 մետր երկարությամբ ժամանակակից չափանիշներով և պարամետրերով քառուղի կամուրջը եզակի նախագիծ է տարածաշրջանում։
«Ժամանակակից չափանիշներով և պարամետրերով 160 մետր երկարությամբ չորս գոտուց բաղկացած կամուրջը, որը համատեղ կառուցվել է երկու պետությունների տարածքում, եզակի նախագիծ է տարածաշրջանում։ Դրա շահագործման արդյունքում սահմանին տրանսպորտային թողունակությունը կրկնապատկվում է, ճանապարհային անվտանգության որակը բարելավվում է ինչպես երկու երկրների քաղաքացիների ու հյուրերի, այնպես էլ տարանցիկ փոխադրամիջոցների համար։ Սա իր հերթին կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է Ղարիբաշվիլին: