Եկել է ժամանակը, որ արևմտյան տերությունները հեռանան Իրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ բանակցություններից: Այս մասին վերջին օրերին հայտարարում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում իրենց գործընկերներին:
«Եվրոպացիներն Իրանին ուղարկեցին վերջնական առաջարկ, որը չի բավարարում նույնիսկ այն պահանջները, որին ամերիկացիներն էին հավատարիմ: Իսկ առաջարկը հետևյալն էր. «ընդունիր այն կամ հեռացիր», – ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:
«Իրանը մերժել է առաջարկը, և ժամանակն է թողնել և հեռանալ: Ցանկացած այլ գործողություն թուլության զգալի մեսիջ է պարունակում»,- շարունակել է պաշտոնյան:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ աշխարհն այժմ պետք է քննարկի, թե ինչպես թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։
Պաշտոնյան նաև նշել է, որ այս մտահոգությամբ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույց է ունեցել: Լապիդը արևմտյան այլ գրոծընկերների հետ ևս հեռախոսազրույց է ունենալու:
Նշենք, որ Իրանը և ԵՄ-ը շատ մոտ են միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին վերադառնալուն: Պաշտոնական Թեհրանի կողմից առաջ քաշված պահանջներից առանցքայինը տնտեսական երաշխիքների պահպանումն է: