ԱՄՆ–ն ողջունում է Իրանի` միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ առնչություն չունեցող մի շարք պահանջներից հրաժարվելու որոշումը։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Անկասկած, մեզ ոգևորում է այն փաստը, որ Իրանը որոշել է հրաժարվել մի շարք պահանջներից, սակայն փաստում ենք, որ դեռ մի շարք խնդրահարույց հարցեր կան»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Փրայսը ճեպազրույցի ընթացքում։
Դիվանագետի խոսքով` ԱՄՆ–ն դեռ ուսումնասիրում է Իրանի փոխանցած դիտարկումները` կապված միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու առաջարկների հետ, և հնարավորինս շուտ կպատասխանեն դրանց։
«Ինչ վերաբերում է այդ հարցին, մենք ոչ մի օր չենք ձգձգի», – վստահեցրել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։