Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողություններին:
IRNA-ի փոխանցմամբ՝ խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունները Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության խախտում են հանդիսանում:
«ԱՄՆ զորքերի շարունակական ներկայությունը Սիրիայի որոշ շրջաններում հակասում է միջազգային իրավունքին, խախտում է այս երկրի ազգային ինքնիշխանությունը և համարվում է օկուպացիա։ Այդ իսկ պատճառով նրանք պետք է անհապաղ հեռանան Սիրիայից և դադարեցնեն երկրի նավթի ու հացահատիկի թալանումը»,- հավելել է Քանանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ ամերիկյան զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությունը կրող խմբավորումների դիրքերը Դեր Զոր նահանգում: