Իրաքի դաշնային դատարանն օգոստոսի 30-ին նիստ է հրավիրել՝ քննարկելու խորհրդարանի լուծարման համար ներկայացված հայցը:
Իրաքյան պետական INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայացված հայցը հետևյալն է. լուծարել խորհրդարանը և Իրաքի սահմանադրության 64-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ պարտավորեցնել հանրապետության նախագահին խորհրդարանական ընտրությունների անցկացման օր նշանակել:
Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին Իրաքի Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել էր, որ խորհրդարանը ցրելու իրավասություն չունի։
Նշենք, որ Իրաքում օր օրի քաղաքական ճգնաժամն ավելի է խորանում: Թեև խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին անցյալ տարի հոկտեմբերի 10-ին, սակայն մինչ օրս այդպես էլ կառավարություն չի ձևավորվել: Հակասությունը շիայական երկու քաղաքական ուժերի միջև է՝ «Ալ-Սադր» շարժման և «Կոորդինացիոն շրջանակ» դաշինքի: Վերջին շրջանում այս երկու քաղաքական ուժերի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին իրականացնում Բաղդադում: «Ալ-Սադր» շարժումը պահանջում է լուծարել խորհրդարանը և արտահերթ ընտրությունների օր նշանակել: