Ադրբեջանում փետրվարի 9-ի տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ ընտրախախտումներով, միջադեպեր են տեղի ունեցել Ադրբեջանի տարբեր շրջաններում, գրանցվել է 2 մահվան դեպք:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում, ինչպես նաև համացանցում ընտրողների կողմից հրապարակված տեսանյութերի արձանագրվել են քվեաթերթիկների լցոնման, «կարուսելի», մահացածների «քվեարկության», ընտրատեղամասից չքվեարկած քվեաթերթիկների դուրսբերման, ընտրատեղամասերի հոսանքազրկման, մի քանի հոգով քվեախցիկ մտնելու, ոչ թափանցիկ քվեատուփերի առկայության և այլ դեպքեր:
Բացի այդ հայտնի է դարձել Լենքորան-Աստարա ընտրատարածքում, Մաշթաղայում և այլ շրջաններում դիտորդների նկատմամբ գրանցված բռնության դեպքերի մասին, խոչընդոտվել է լրագրողների ազատ աշխատանքը, հարձակվել են նրանց վրա, ջարդել տեսախցիկները: 84-րդ ընտրատարածքում, որտեղ քվեարկությունը կազմակերպվել է Բայրամովի օգտին, հակառակորդ թեկնածուների դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամասեր:
Նշենք, որ զանգվածային ընտրախախտումները առաջացրել է քաղաքացիների զայրույթը։
Մասնավորապես, Սալյանի շրջանում գրանցված ընտրակեղծիքների դեմ բողոքի գործողություններ են անցկացվել, Խըդըրլը գյուղի մոտ ճանապարհ է փակվել, տեղի են ունեցել բախումներ, շրջանում ոստիկանական հատուկ ուժեր են կենտրոնացվել։ Իմիշլիի քաղաքապետարանի դիմաց ընտրակեղծիքներից բողոքել են Ղարաբաղի պատերազմի վետերանները, տեղային բախումներ են կազմակերպվել նաև այլ շրջաններում։
Փետրվարի 11-ին 33-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի դիմաց գրանցված կեղծիքների դեմ իրենց բողոքն են փորձել արտահայտել այդ ընտրատարածքից առաջադրված թեկնածուներները, ոստիկանությունը պահանջել է չխախտել հասարակական կարգը, ձերբակալել թեկնածուներից երկուսին, իսկ մյուսներին հեռացրել տարածքից։
Նույն օրը ԿԸՀ շենքի առջև նստացույց է սկսել 10-րդ ընտրատարածքից առաջադրված թեկնածուներից մեկը. նրան միացել է նաև «Մուսավաթ» կուսակցությունից թեկնածու Է․Գուլիևը, ինչպես նաև այլ ակտիվիստներ։ Փետրվարի 11-ի երեկոյան ոստիկանությունը միջամտել է նստացույցին և ձերբակալել ակցիային մասնակից պատգամավորի թեկնածուներին, ակտիվիստներին և լրագրողներին: Ընդդիմադիր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 22-30 մարդ է ձերբակալվել, ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել:
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նստացույցը ցրվել է, քանի որ այն համաձայնեցված չի եղել: