Էրդողան. «Եթե մեր զինվորներին ամենաչնչին վնաս հասցվի, Ասադի ուժերին ամենուրեք հարվածելու ենք»

438

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի և այդ համատեքստում Անկարայի հետագա քայլերի մասին:

Իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ժողովին ունեցած ելույթի ժամանակ նախ տեղեկացրել է, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 14 թուրք զինվոր, վիրավորվել է 45-ը:

Էրդողանի խոսքերով՝ Իդլիբում կառավարական ուժերը, ռուսները և Իրանի աջակցությունը վայելող զինյալները հարձակվում են քաղաքացիական անձանց վրա, կոտորում:

Ըստ Էրդողանի՝ Սիրիայի կառավարական ուժերի և ռուսների հարվածների հիմնական մասը ուղղված է ոչ թե ահաբեկիչների, այլ հասարակ մարդկանց դեմ: Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ :

Թուրքիայի անելիքների մասին Էրդողանը նշել է. «Մենք վճռական ենք տրամադրված, որ մինչև փետրվարի վերջ ռեժիմին (Սիրիայի կառավարական ուժերի) դուրս մղենք Սոչիի համաձայնագրով հաստատված սահմաններից, այսինքն՝ մեր դիտակետերից ավելի հետ: Այդ նպատակին հասնելու համար ցամաքում և օդում կանենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ առանց քաշվելու, երկմտելու և շեղվելու»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում Թուրքիան աչք չի փակելու որևէ մեկի սադրանքի վրա: Նա սպառնացել է ասելով. «Բացեիբաց ասում եմ, որ որտեղ թուրք զինվորի արյունը կթափվի, այնտեղ ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ, որքան էլ որ իրեն հզոր համարի: Հայտարարում եմ, եթե մեր զինվորներին ամենաչնչին վնաս հասցվի, ռեժիմի (Սիրիայի կառավարական ուժեր) ուժերին ամենուրեք հարվածելու ենք: Բոլորը, ովքեր թիրախավորում են Թուրքիային, պետք է իմանան, որ վճարելու են դրա համար»:

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում կառավարական բանակի հրետակոծության արդյունքում փետրվարի 3-ին զոհվել էին 7 թուրք զինծառայողներ և 1 քաղաքացիական: Այդ դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 10-ին կրկին Իդլիբի վրա գրոհող սիրիական բանակի հրետակոծություններից զոհվել էին 5 թուրք զինծառայողներ, ևս 5-ն էլ վիրավորվել էին: