Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հարվածները. ՊՆ

200

Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

«Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև»,- նշել է Թորոսյանը:

Մամուլի քարտուղարը հայտնել է, որ հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար: