2020թ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դեռ թարմ է մեր հիշողություններում. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

271

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը կոչ արեց ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել գործողություններն ու հանդուրժողականություն դրսևորել:

Նա նշել է, որ այդ գործողությունները լուրջ սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խաղաղության և կայունության համար:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարող իրեն թույլ տալ լռություն պահպանել եւ թողնել, որ իրավիճակը գնալով ավելի վատթարանա: 2020թ նոյեմբերի 9-ին կրակի դադարեցումը ՌԴ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով արդյունավետ մեխանիզմ էր կարգավորելու համար մնացած հարցերը»,-ասաց նա` կոչ անելով կողմերին հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ խաղաղ կարգավորման գալու համար:

Հնդկաստանի ներկայացուցիչը նշեց նաև, որ պետք է նախ պարզել, թե ինչու է իրավիճակը սրվել Կովկասում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

«2020թ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դեռ թարմ է մեր հիշողություններում: Վերջին հաղորդագրությունները, հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, մասնավորապես հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, խորը մտահոգության առիթ են դարձել մեզ համար»,-հավելեց նա:

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստն անցկացվում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։