Փաշինյանը և Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային

187

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը ժողովրդավարության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ:

Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին: