Ադրբեջանցիները թելեգրամում sticker-ներ են ստեղծել՝ հայերի խոշտանգված մարմինների լուսանկարներով

277

«Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին, բայց դրանք հայտնաբերվել են սեպտեմբերի 18-ին։ Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ։

Արձանագրվել է 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում: Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները Տելեգրամի իր հաշվին:

Թաթոյանի խոսքով՝ այդ հնարավորությունը Տելեգրամը փակել է, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն ադրբեջանական հարթակներն օգտագործելու են հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով:

Նախկին ՄԻՊ-ը շեշտել է, որ Sticker-ներում օգտագործվել են վայրագությունների լուսանկարներ, որոնք տեղի են ունեցել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմ, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ: Ադրբեջանական օգտատերերը, որոնք ներբեռնել են այդ լուսանկարները, մեծ ցնծությամբ են ընդունել հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգումների, մարմինների մասնատումների լուսանկարները՝ դրանք առօրյա հաղորդակցության, տարբեր քննարկումների ժամանակ օգտագործելու հնարավորության համար: