Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

331

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։

ՀՀ արտգործնախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում:

Նշենք նաև, որ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Բլինքենը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել նորից հանդիպել մինչև սեպտեմբերի վերջ։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին բախումներից հետո ունենալու առաջին ուղիղ բանակցությունները։ Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների համար և շեշտել անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա ռազմական գործողությունները, ինչպես նաև ընդգծել խաղաղության գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղարը կոչ է արել կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,- հայտնել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։