Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

174

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի անձնական ներկայացուցիչ Մոհամեդ Նեգմին անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական բախումներին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ դեսպանությունը, Նեգմին կարևորել է տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտությունը:

Նշենք, որ դեսպան Փոլադյանի և Մոհամեդ Նեգմիի հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Մոհամեդ Նեգմին Եգիպտոսի նախագահի անունից շնորհավորել է Հայաստանի Ազգային տոնը և ջերմ բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Նա նշել է, որ Հայաստանը Եգիպտոսի համար բարեկամ երկիր է, որի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կարևորվում է նախագահ աս-Սիսիի կողմից։

Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական բախումներին՝ նախագահի անձնական ներկայացուցիչը հարատև խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ հատկապես կարևորելով տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտությունը։