Եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության մասին. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

159

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Նրա ելույթը կենտրոնացել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին չհրահրված ագրեսիայի և Հարավային Կովկասի կայունության նկատմամբ դրա ընդհանուր ազդեցության վրա։

Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացման թեմային։

«Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա նաև հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Սակայն Հայաստանը դեռ ոչինչ չի ստացել։

«Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կաևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»,- նշել է ՀՀ վարչապետը: