Թուրքիան չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի մարզերը Ռուսաստանի կազմում: Այդ մասին Տոկիոյում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան և այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանին։ Մեր մտահոգությունն ենք հայտնել Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում հանրաքվեների վերաբերյալ։ Հասկացրեցինք, որ չենք ճանաչի դրանք»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակը Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում նշել էր, որ Անկարան չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացվող հանրաքվեի արդյունքները:
«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մենք Ուկրաինայի կողքին ենք այս պատերազմում: Միակ երկիրը Թուրքիան է, որը փորձում է վերջ դնել պատերազմին»,- ասել է Քալընը:
Հիշեցնենք, որ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների մի մասում սեպտեմբերի 23-ից մեկնարկել են հանրաքվեներ Ռուսաստանին միանալու հարցով։