Մուհամմադ բն Սալմանը նշանակվել է Սաուդյան Արաբիայի վարչապետ

132

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանը նշանակվել է թագավորության վարչապետ՝ թագավոր Սալմանի հրամանագրով: Այս մասին տեղեկանում ենք սաուդական պետական լրատվամիջոցից:

Մուհամմադ բն Սալմանը նախկինում զբաղեցնում էր փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնը:

Թագավորական հրամանագրով մյուս բարձրաստիճան նախարարներն էլ են վերահաստատվել իրենց պաշտոններում, այդ թվում՝ արտգործնախարար Ֆեյսալ բն Ֆարհան ԱլժՍաուդը, ֆինանսների նախարար Մուհամմադ Ալ-Ջադաանը և ներդրումների նախարար Խալիդ Ալ-Ֆալիհը:

Հրամանագրում չի նշվել թագաժառանգի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու պատճառները, սակայն երկրի պետական լրատվամիջոցը հայտնել է, որ Սալման թագավորը շարունակելու է մնալ պետության ղեկավար և նախագահել կառավարության նիստերը:

Նշենք, որ մայիսին Սալման թագավորը հոսպիտալացվել էր բժշկական զննումների և բուժումների համար:

Հարկ է նաև նշել, որ թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանն արդեն ղեկավարում էր թագավորության հիմնական ոլորտները, այդ թվում՝ տնտեսությունը, պաշտպանությունը, նավթը և ներքին անվտանգությունը: Նրա նախաձեռնությամբ իրականացվում է «Սաուդյան Արաբիա: Տեսլական 2030» ծրագիրը, որի նպատակն է թուլացնել սաուդական տնտեսության կախվածությունը նավթից և զարկ տալ արդյունաբերության մյուս ճյուղերի զարգացմանը: