Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը երեքշաբթի հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ վեցերորդ փուլը կանցկացվի հետախուզական ծառայությունների միջոցով։
«Բանակցային գործընթացը կշարունակվի, և, հնարավոր է՝ հաջորդ փուլը ևս մեկ անգամ անցկացվի հետախուզական ծառայությունների մակարդակով։ Հուսով ենք, որ հաջորդ փուլից հետո այլ կերպ կլինի»,- հայտարարել է Հուսեյնը ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Նշենք, որ անցյալ ամիսների ընթացքում Բաղադում Թեհրանի և Ռիյադի միջև բանակցությունների մի քանի փուլեր են անցկացվել, որոնց նպատակն է հարթել երկու երկրների միջև տարաձայնությունները: Սաուդյան Արաբիան և Իրանը դիվանագիտական հարաբերությունները խզել էին դեռևս 2016 թվականին:
Դեռևս հուլիսին Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և կլինի հրապարակային: Նախատեսվում էր, որ բանակցությունների վեցերորդ փուլն անցկացվելու է վարչապետների մակարդակով:
Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին ավելի վաղ հաստատել էր, որ Բաղդադում տեղի ունեցած իրանա-սաուդական բանակցություններն առաջընթաց են գրանցել՝ նշելով, որ «Իրաքը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանային երկրների միջև տեսակետների մերձեցման գործում»: