Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ ռազմագերիների խմբին գնդակահարելու ռազմական հանցագործության հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Twitter»-ի իր միկրոբլոգի գրառումներում անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին։
«Սոցցանցերում ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել: Ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի և հասցեական գնահատական տա այս պատերազմական հանցագործությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ»:
«Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»,- գրել է ՀՀ վարչապետը: