Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավարական Հայաստանին՝ ի հակադրություն ավտորիտար Ադրբեջանի. Time

140

Ամերիկյան Time ամսագիրն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ նշելով, որ զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներն աջակցություն է հայտնում ժողովրդավարական Հայաստանին, որը պարբերաբար հարձակումների է ենթարկվում իր ավտորիտար հարևանի կողմից: «Վաշինգտոնը, կարծես, հասկացել է, թե որքան լուրջ է սպառնալիքը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասված է հոդվածում։

Անդրադարձ է կատարվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցին՝ «ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության և ժողովրդավարության՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինի և մահաբեր հարձակումների»: Այդ այցը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կտրուկ ակտիվացման ցուցիչ:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Սպիտակ տունը ևս փոխել է հակամարտության նկատմամբ իր ավանդական «երկկողմ» հռետորաբանությունը։ «Այդ ժամանակից ի վեր՝ Բայդենի վարչակազմը բազմաթիվ հանդիպումներ է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ՝ չնայած Ադրբեջանի ավտորիտար նախագահի սպառնալիքներին, որը 2003 թ. նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայատյացությունը դարձրել է իշխանության համախմբման իր բանաձևը»,- նշված է հոդվածում:

Հեղինակի կարծիքով՝ ԱՄՆ-ի աջակցությունը Երևանին կարող է զարմացնել շատերին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ռուսաստանը պասիվացրել է իր ներգրավվածությունը տարածաշրջանում, իսկ 2020 թ. պատերազմում և դրանից հետո չի աջակցել Հայաստանին, այլ չեզոք դիրք է զբաղեցրել՝ լավ հարաբերություններ պահպանելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: