Իրանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

273

Այսօր վաղ առավոտյան 7-8 բալլանոց երկրաշարժ է գրանցվել Իրանում, այն զգացվել է նաև Հայաստանում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 5․5 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 4:21 (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21), հյուսիսային լայնության 38.35 աստիճան և արևելյան երկայնության 45.72 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Իրանի Մարանդ քաղաքից 9 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սյունիքի մարզում՝ 5-6 բալլ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալլ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 3 բալլ ուժգնությամբ։

Իրանում երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է մոտ 280 մարդ։ Շտապօգնության կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ տուժածները հիվանդանոցներ են տեղափոխվել ձեռքերի ու ոտքերի կոտրվածքներով, գլխի վնասվածքներով։

Խոյ քաղաքում մոտ 200 շենք է վնասվել։