Իսրայելի այս գործողություններն առաջին հերթին ուղղված են Իրանի դեմ․ իրանցի փորձագետը՝ Գանցի այցի մասին

170

Իրանական ԶԼՄ-ները շարունակում են վերլուծել ու մեկնաբանել օրեր առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցի՝ Բաքու նախապես չհայտարարված այցը։ Այս անգամ իրանական «ILNA» լրատվական գործակալությունը հարցազրույց է անցկացրել Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ալի Ղայեմմաղամի հետ։

Region Monitor-ը ստորև ներկայացնում է հարցազրույցի առանցքային հատվածները։

Փորձագետը նախ նշել է, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի անկախությունից ի վեր շատ մտերիմ են եղել, և Իսրայելը կարողացել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական, համապարփակ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։

Ղայեմմաղամն ընդգծել է, որ Ադրբեջանում Իսրայելի ազդեցության չափը հասկանալու համար պետք է հղում կատարել թուրքական հետազոտական կենտրոնի հրապարակած այն զեկույցին, ըստ որի Իլհամ Ալիևի անձնական թիկնապահները հիմնականում վերապատրաստվել են Մոսսադի կողմից։

«Կովկասի հրեաները և հատկապես Ադրբեջանի հրեաները ԱՄՆ-ից և Թուրքիայից հետո աշխարհում երրորդ ամենամեծ հրեական բնակչությունն են կազմում, և այս բոլոր գործոնները ստիպել են Իսրայելին մեծացնել իր ազդեցությունն Ադրբեջանի վրա»,- նշել է Ալի Ղայեմմաղմին։

Անդրադառնալով Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի Ադրբեջան կատարած այցին՝ փորձագետը նշել է․ «Իսրայելի պաշտպանության նախարարի այցը ցույց է տալիս ոչ միայն Իսրայել-Ադրբեջանի սերտ հարաբերությունների մակարդակը, այլ նաև վկայում է, որ Թել Ավիվը մեծ քանականությամբ զենք է մատակարարել Բաքվին»։

Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի այս գործողությունները առաջին հերթին ուղղված են Իրանի դեմ, այլ կերպ ասած՝ սա Իսրայելի ուղերձն է Իրանին, որ «եթե դուք Իսրայելը պաշարել եք Սիրիայում և Իրաքում, մենք էլ մեր ռազմական ներկայությունն կապահովենք Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանում՝ ելնելով մեր սեփական շահերից և ռազմավարությունից»։