Թյուրքական կողմի միջանկյալ մարտավարության միտումները հայկական ուղղությամբ. փորձագետ

239

Կարճաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական դիրքավորումը կարող է լինել թվացյալ դրական հարթությունում։ Նպատակը տարածաշրջանում արձանագրվող ռուսական ազդեցության վակուումը նախևառաջ թյուրքական փափուկ ուժով փոխարինելն է։ Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ նման մարտավարության մասին է վկայում նախօրեին Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արտաքին ֆոնը, ինչպես նաև դրանց ամփոփիչ հատվածում հատկապես թուրքական դրական հռետորաբանությունը։

«Անկարայի և Բաքվի նման գործելաոճի տրամաբանությունը Հարավային Կովկասում նոր արտատարածաշրջանային ազդեցիկ խաղացողի հնարավոր դերակատարման աճի չեզոքացումն է։ Այսինքն՝ Հայաստանի դեմ ռազմաքաղաքական ճնշման և սպառնալիքի մեխանիզմի շարունակական կիրառումն օբյեկտիվորեն առաջացնելու է Երևանի կողմից փոխադարձ հակազդեցության առանցքի ձևավորում՝ որքան էլ պարադոքսալ է երևում՝ երկու հակառակորդ երկրների՝ ԱՄՆ-ի և Իրանի հնարավորությունների ներգրավման փորձերով։ Իսկ նման մտավախության օբյեկտիվ ցուցիչ է Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում արձանագրված հատկապես ԱՄՆ-ի աննախադեպ ակտիվությունն ու հասցեական դիրքորոշումը։ Վաշինգտոնն ամենաանցանկալի խաղացողն է թյուրքական երկրների համար նաև մեր տարածաշրջանում, քանի որ նրանցից ունի նվազագույն քաղաքական կախվածությունը, փոխարենը՝ ահռելի քաղաքական, տնտեսական ազդեցություն։ Ուստի բնական է, որ թյուրքական կողմից նպատակային կերպով փորձ է արվելու աջակցել, առաջ մղել հենց ԵՄ կողմից իրականացվող միջնորդական ձևաչափը»,- նշել է փորձագետը։

Պետրոսյանն ընդգծել է, որ հայկական կողմից պահանջվում է բացարձակ զգուշավորություն, աչալրջություն և թյուրքական կողմի քայլերը հնարավորինս հաշվարկելու կարողություն։

Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է օրակարգում պահել ԱՄՆ-ի և Իրանի հետ արտակարգ կապուղիների ակտիվացման մեխանիզմները` թշնամական դավադրություններ կանխելու նպատակով։ Բացի այդ, որևէ կերպ չպետք է անտեսել Մոսկվայի հետ հաղորդկակցական կապուղիները մշտապես ակտիվ պահելու ուղեգիծը։