Իսրայելն ու Լիբանանը պատմական համաձայնության են հասել ծովային սահմանազատման շուրջ

137

Իսրայելը հայտարարել է, որ պատմական համաձայնության է հասել Լիբանանի հետ  ծովային սահմանազատման շուրջ:

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ համաձայնագիրը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, միլիարդավոր դոլարների ներդրումներ կբերի տնտեսություն, ինչպես նաև կապահովի երկրի հյուսիսային սահմանի կայունությունը:

Հարկ է նշել, որ ավելի վաղ Լիբանանի նախագահի գրասենյակը «Twitter»-ում գրառում էր կատարել, համաձայն որի՝ Իսրայելի հետ ծովային սահմանազատման «համաձայնագրի վերջնական տարբերակը գոհացուցիչ է և համապատասխանում է լիբանանյան պահանջներին»:

Գրառման մեջ նշվել է, որ Լիբանանը ստացել է ծովային սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի վերջնական, փոփոխված պաշտոնական տարբերակը ամերիկացի բանագնաց Ամոս Հոքշթայնի միջոցով՝ հավելելով, որ վերջնական տարբերակով պահպանվում են Լիբանանի իրավունքները իր բնական պաշարների նկատմամբ:

Նշվել է նաև, որ սահմանազատման շուրջ համաձայնագիրը առաջիկայում կհրապարակվի:

Reuters-ի տեղեկություններով՝ շիայական «Հեզբոլլահ» կուսակցությունը նույնպես համաձայնել է գործարքի պայմաններին և բանակցությունները համարում է ավարտված:

Հիշեցնենք, որ Լիբանանը և Իսրայելը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Ավելին, կողմերը հակասություն ունեին ծովային սահմանազատման շուրջ, քանի որ Քարիշի հատվածում կան բնական գազի պաշարներ: Ամիսներ շարունակ ծովային սահմանազատման շուրջ Լիբանանն ու Իսրայելն անուղղակի բանակցություններ են վարել՝ ԱՄՆ միջնորդ Ամոս Հոքշթայնի միջնորդությամբ: