«Պատմական ձեռքբերում». Լիբանանը պաշտոնապես ընդունել է Իսրայելի հետ ծովային սահմանազատման գործարքը

87

Լիբանանի նախագահ Միշել Աունը երեկ հայտնել է, որ Լիբանանը պաշտոնապես ընդունել է Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված ծովային սահմանազատման գործարքը:

Գործարքը որակելով որպես «պատմական ձեռքբերում»՝ նախագահը հավելել է, որ Լիբանանը «կարողացավ վերականգնել 860 քառակուսի կիլոմետր վիճելի տարածքը»։

«Լիբանանը Իսրայելին ոչ մի քառակուսի կիլոմետր չի զիջել»,- ասել է Աունը՝ ավելացնելով, որ Լիբանանը լիովին վերահսկողություն է սահմանել  Քանա հանքավայրի նկատամամբ, թեև դրա որոշ հատվածներ հայտնվել են Իսրայելի տարածքային ջրերում։

Այնուամենայնիվ Լիբանանի նախագահը շեշտել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ Լիբանանը և Իսրայելը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Կողմերը ծովային սահմանազատման շուրջ բանակցությունները վարում էին անուղղակի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: