Մուհամմադ Ալ-Սուդանի՝ Իրաքի նոր վարչապետ

91

Իրաքի նորընտիր նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդը երկրի վարչապետ է նշանակել Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին: Տեղեկությունը փոխանցել է իրաքյան պետական INA լրատվամիջոցը:

Ալ-Սուդանին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ կարդարացնի իրաքցիների սպասելիքները՝ ձևավորելով նոր կառավարությունը որքան հնարավոր է շուտ:

Նշենք, որ Իրաքում խորհրդարանական ընտրությունները կայացել էին դեռևս նախորդ տարի՝ հոկտեմբերի 10-ին, սակայն մինչ օրս ո՛չ հանրապետության նախագահ էր ընտրվել, ո՛չ էլ ձևավորվել էր նոր կառավարություն: Հիմնական պատճառը քաղաքական ուժերի միջև առկա հակասությունն էր: Նախագահի թեկնածուն սովորաբար պետք է լինի քրդական ուժերի ներկայացուցիչ: Այս առումով համաձայնության բացակայություն կար քրդական երկու կուսակցությունների միջև: Իսկ կառավարության ձևավորման գործընթացը ձախողվում էր երկրի հոգևոր շիա առաջնորդ Մուկթադա Ալ-Սադրի գլխավորած «Ալ-Սադր շարժման» և դարձյալ շիայական, սակայն Իրանի աջակցությունը վայելող «Կոորդինացիոն շրջանակի» տարակարծությունների պատճառով: