Հայտնի խաղամոլին հաղթելու միակ իրական տարբերակը

198

Հայտնի խաղամոլ Ալիևին հաղթելու միակ իրական տարբերակը Ադրբեջանի հետ կապված քաղաքական հաշվարկներում բազմաթիվ օբյեկտիվ գործոններից (տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակ, առանձին խաղացողների շահեր և այլն) բացի, սկզբունքային նշանակություն ունի երկրի բռնապետ-նախագահի՝ Իլհամ Ալիևի մարդկային տեսակը, անձնական հատկանիշ-թուլությունները։ Չափազանց կարևոր է հասկանալ, որ հղփացած կյանքով ապրած, ժամանակին հայտնի մոլի խաղամոլ թշնամական պետության ղեկավարը, որին հայրը փորձում էր ստիպողաբար արգելել մոլեխաղերից, Ադրբեջանի ղեկը ստանձնելով՝ տարիներ շարունակ նաև ներքին և արտաքին քաղաքականությանն է խաղի վերածել և հիմնականում կարողացել է չպարտվել։ Նա երկիրը վերածել է սեփական «դրամապանակի», իսկ տարածաշրջանը և ոչ միայն՝ մի մեծ խաղատախտակի։

Եվ ներկայում, երբ աշխարհը, նաև տարածաշրջանը եռում է բազմաշերտ զարգացումներով, հայտնի խաղամոլի մոտ գրգռվել է անհաղթահարելի կիրքը, մոլուցքը՝ անընդհատ խաղալու, խորանալու, առավելագույնս հաղթելու։ Դրան որոշակիորեն նպաստում է նաև ընդդեմ կանգնած հիմնական հակառակորդի՝ Հայաստանի պարտված վիճակը և ներքին ու արտաքին ռեսուրսներով դիմադրողականությունը վերկանգնելու առայժմ անհաջող փորձերը։

Ուստի, նաև վերոնշյալի համատեքստում կարծել, թե խաղամոլին բնրոշ անկառավարելի զգացողություններով Ալիևին հնարավոր կլինի կանգնեցնել նման աշխարհաքաղաքական իրավիճակում փոխզիջումային տեքստեր պարունակող պայմանագրերով կամ այլ նմանատիպ գործիքակազմով, սխալական է։ Ալիևի «խաղն ընդմիջող-խանգարող» բանակցությունները, անշուշտ, կարևոր են, բայց դրանց վերջնանապատակը բովանդակային առումով այլ ուղղությամբ պետք է լինի։

Որքան էլ պարադոքսալ կարող է թվալ, բայց խաղամոլ Ալիևին հաղթելու միակ իրական տարբերակը նրան իր քաշից առավել ու կրքաշատ «աշխարհաքաղաքական խաղի» մեջ ներքաշելն ու նրան «խմբային քավության» օբյեկտ դարձնելն է։