Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի վերաբերյալ

68

Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Այս մասին «Twitter»-ի իր միլրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումը Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել է Փաշինյանը։

Նշենք, որ օգոստոսի 18-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: