Վեցամսյա բանակցություններն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դադարեցվել են վերջինիս կողմից, քանի որ միջնորդ հանդիսացող Իրաքում կառավարության փոփոխություն է եղել: Այս մասին գրում է Al Mayadeen-ը՝ հղում կատարելով իրաքյան Amwaj լրատվամիջոցին:
Սաուդյան Արաբիան տեղեկացրել է Թեհրանին դիվանագիտական խողովակների միջոցով, որ երկխոսությունը դադարեցվում է, քանի որ գլխավոր միջնորդ հանդիսացող Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին այլևս չի զբաղեցնում վարչապետի պաշտոնը: Նշվել է, որ Իրաքի այլ իշխանությունները հազվադեպ էին շահագրգիռ գործընթացի հաջողությամբ կամ առհասարակ չէին հետաքրքրվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան և Իրանը Բաղդադում կարող են շարունակել բանակցությունները երկկողմ հարաբերությունների վերականգնման համար անվտանգության ծառայության մակարդակով: Հուսեյնը հավաստիացրել էր, թե երկու երկրները շա հարցերի շուրջ համաձայնության հասել են և կարող են բանակցել անգամ արտգործնախարարների մակարդակով: