Հալեպում ռուսական ուժերը թուրքական ռազմաբազայի դիմաց նոր ռազմաբազա են հիմնել

80

Մարդու իրավունքների սիրիական դիտարան այսօր հաղորդել է, որ ռուսական զինված ուժերը Հալեպում թուրքական ռազմաբազայի հակառակ հատվածում նոր ռազմաբազա են հիմնել:

Դիտարանը մանրամասնել է, որ իրականացվել են ռազմական համալրումներ՝ այդ թվում տասնյակ զինվորների տեղակայում, հեռահար հրետանու և այլ նյութատեխնիկական այլ միջոցների տեղափոխում:

Ուշագրավ է, որ սա առաջին անգամն է, երբ ռուսական զինված ուժերը տեղակայվում են թուրքական ուժերի հետ շփման գծում։

Դիտարանը տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարական ուժերը և իրանամետ խմբավորումները ևս ռազմական համալրումներ են տեղափոխել Հալեպի հյուսիսային շրջաններ՝ թուրքամետ խմբավորումների հետ շփման գծի երկայնքով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ  պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: