Սիրիայում «կովկասականացման» նոր հեռանկարները

61

Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների ու հետախուզության ղեկավարների եռակողմ բանակցությունները, անկախ դրանց արդյունքներից, կարևոր են նաև տարածաշրջանային ընդհանուր դիրքային բալանսի տեսանկյունից։

Փաստացի, ականատես ենք լինում սիրիական հակամարտության կարգավորման «Աստանայի ձևաչափի» վերաձևաչափավորման(«Աստանայի» արդյունքում էր, որ Սիրիայում հակամարտությունը մտավ ավելի կառավարելի փուլ, իսկ ձևաչափի եռյակը մեծ հաշվով հաջողություն արձանագրեց մյուս մրցակիցների հանդեպ)։ Դրա արդյունքում, ըստ էության, ձևաչափի մասնակից երկու երկրները՝ Ռուսաստանը և Թուրքիան սիրիական կարգավորման նոր շրջափուլում փորձում են հնարավորինս նվազեցնել Իրանի ազդեցությունը։ Քանի որ Թեհրանը հակամարտության մեկնարկից ի վեր և ներկայում էլ զգալի ազդեցություն ունի Սիրիայում և հատկապես այդ երկրում իշխող վարչակարգի վրա։

Վերոնշյալի համատեքստում կարելի է կանխատեսել Իրանի կողմից Մոսկվա-Թուրքիա-Սիրիա նոր ձևաչափին միանալու, այն բալանսավորելու, իսկ չհաջողելու դեպքում տապալելուն միտված քայլեր։ Այլապես ականատես կլինենք Սիրիայի «կովկասականացման» փորձերի, չնայած որ Սիրիայում իրավիճակը բովանդակային առումով բավականաչափ տարբերվող է, իսկ Իրանի դիրքերն անհամեմատ ավելի ուժեղ են, քան Հարավային Կովկասում։

Եվ հետևաբար, եթե մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Հարավային Կովկասում ավելի հաճախ էր խոսվում «Աստանայի ձևաչափի» տեղայնացման մասին, ապա աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում «հարավկովկովկասյան» նոր բալանսը աստիճանաբար կարող է տեղայնացվել այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ առկա է Ռուսաստան-Թուրքիա ներկայություն, մրցակցություն, համագործակցություն-առևտուր փոխառնչության ձևերը։

Արմեն Պետրոսյան