Սիրիայի նախագահը նշել է, թե ինչ պայմաններում են կայանալու բանակցությունները Թուրքիայի հետ

31

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները պետք է հիմնվեն վերջինիս կողմից Սիրիայի հյուսիսային հատվածի ապառազմականացման և ահաբեկչության աջակցության դադարեցման պայմաններում:

Այս մասին Ասադը հայտնել է Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ:

Ասադը նաև հավելել է, որ «նման հանդիպումները պահանջում են համակարգում և պլանավորում Սիրիայի և Ռուսաստանի միջև, որպեսզի հնարավոր լինի հասնել Սիրիայի հետապնդած նպատակներին»:

Սիրիայի նախագահի խոսքերով՝ վերոնշյալ նպատակները պետք է հիմնված լինեն թուրքական օկուպացիայի և ահաբեկչության աջակցության դադարեցման վրա:

Նշենք, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ մոտ ապագայում կայանալու է Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մասնավորապես Չավուշօղլուն հայտարարել է, որ թեև չկա հստակ ամսաթիվ հանդիպման անցկացման համար, սակայն այն կայանալու է «որքան հնարավոր է շուտ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մոսկվայում հանդիպել էին Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները և քննարկել սահմանների անվտանգությանն առնչվող և հարակից այլ հարցեր: