Ադրբեջանը ձգտում է դեմոգրաֆիկ փոփոխություն առաջացնել Լեռնային Ղարաբաղում. իրաքցի փորձագետ

41

Ադրբեջանի առաջնորդի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ապացույց, որ հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու գաղտնի նպատակներ կան: Նման տեսակետ է հայտնել իրաքցի պրոֆեսոր Ջավադ Քազեմ Ալ-Բադենին՝ «Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով հոդվածում:

Հոդվածում հեղինակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նա նշել է, որ Ադրբեջանը ձգտում է դեմոգրաֆիկ փոփոխություն առաջացնել Լեռնային Ղարաբաղում:

Ալ-Բադենին շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է օգուտներ քաղել միջազգային զարգացումներից և այս շրջափակումը կիրառելով խաղադրույք է կատարում իր օգտին կատարվելիք զիջումների վրա:

Նրա խոսքով՝ շրջափակումը հանգեցնելու է մարդասիրական, պարենային և առողջապահական աղետի բնակլիմայական ցուրտ պայմաններ ունեցող այս տարածաշրջանում: Սա էլ իր հերթին դրդելու է հայ բնակչությանը մշտական գաղթել այստեղից, և այդպիսով ժողովրդագրական փոփոխություն է մեկնարկելու, որին ձգտում է Ադրբեջանը: