Տարածաշրջանում տարածքային բաժանումներ չպետք է լինեն․ Իրանի ԱԳ նախարարը՝ Չավուշօղլուին

36

Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը՝ թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Կովկասում տիրող իրավիճակին։

«Տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցական ուղիների բաց լինելը այս ուղղությամբ կարևոր հարցերից է, և այն տարածաշրջանում առևտրային զարթոնքի ու կայուն անվտանգության ամրապնդման միջոց ենք համարում»,- հավելել է Աբդոլլահիանը։

Նշենք, որ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Թուրքիա կատարած աշխատանքային այցի շրջաանակներում հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։

Սիրիայում և Կովկասում ընթացող զարգացումների առչնությամբ Իրանի արտգործնախարարը շեշտել է տարածաշրջանում և հարևանների միջև խաղաղության ու կայունության հաստատման հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումը:

Չավուշօղլուն իր հերթին դրական է գնահատել երկու երկրների հարաբերություններն ու ընդգծել դրանց զարգացման կարևորությունը: Նա նաև ներկայացրել է Սիրիայի և Կովկասի զարգացումների և այդ հարցերում Իրանի հետ համագործակցության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը:

Հանսիպումից հետո արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Աբդոլլահիանը նշել է, որ հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է 90 րոպե։

Անդրադառնալով նախագահ Ռայիսիի Թուրքիա այցին՝ Աբդոլլահիանը նշել է, որ այն պետք է տեղի ունենար 2022-ի վերջին, սակայն Էրդողանի զբաղվածության պատճառով իրանական կողմի խնդրանքով հետաձգվել է:

Իրանի արտգործնախարարը նաև ողջունել է Սիրիայի-Թուրքիայի միջև նոր գործընթացն ու նշել, որ այն տարածաշրջանի օգտին է: