Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո. Արցախի ԱԳՆ

21

«Արցախպրես» լրատվական գործակալությունն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը  խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արցախպրես»-ում տեղ գտած հրապարակումից, ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո։ Այսպիսով, եռակողմ հայտարարությունը հենց ռուսական խաղաղապահ զորախմբին է լիազորում վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Կասկած չկա, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ունի բոլոր անհրաժեշտ, այդ թվում` տեխնիկական հնարավորությունները՝ ստուգելու տրանսպորտային միջոցները՝ միջանցքի անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով։

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունն՝ առանց որևէ սահմանափակումների»,-ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։