Հայաստանն ԼՂ հակամարտությունը կրոնական համատեքստում երբեք չի դիտարկել․ այն հիանալի հարաբերություններ ունի իսլամական երկրների հետ․ Եգիպտոսում ՀՀ դեսպան

41

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք կրոնական համատեքստում չի դիտարկել, այլ հիանալի հարաբերություններ ունի իսլամական երկրների ճնշող մեծամասնության, այդ թվում՝ արաբական երկրների հետ։ Նման տեսակետ է հայտնել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը՝ եգիպտական «Veto Gate» արաբալեզու պարբերականում հրապարակված հոդվածում։

Դեսպան Փոլադյանը հավելել է, որ Ադրբեջանը մշտապես փորձում է Հայաստանի դեմ հանել իսլամական երկրներին, հատկապես արաբական երկրներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ տալով։ Օգտվելով «Իսլամական համագործակցության կազմակերպությունից» (ԻՀԿ) Հայաստանի բացակայությունից՝ Ադրբեջանը փորձում է այս հակամարտությունը ներկայացնել կրոնական համատեքստում՝ ներկայացնելով Հայաստանին որպես իսլամի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիր։

«Մինչդեռ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք կրոնական համատեքստում չի դիտարկել։ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական երկրների ճնշող մեծամասնության, այդ թվում՝ արաբական երկրների հետ, և դարեր շարունակ հայերը եղել և մնում են արաբ-իսլամական աշխարհի հասարակությունների մի մասը և նպաստել արաբական շատ երկրների զարգացմանը»,- նշել է Փոլադյանը։

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ հենց Կահիրեում է բացվել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դեսպանատունը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանն ու Եգիպտոսը բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն ունեն։

Փոլադյանի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի կառավարության դրական վերաբերմունքը Եգիպտոսի հայ համայնքի նկատմամբ, ուստի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական ենթատեքստ հաղորդելու Ադրբեջանի փորձերը ոչ այլ ինչ են, քան նրա քաղաքականության հերթական հորինված վարկածը։

«Հայաստանը հուսով է, որ Հայաստանին ու հայ ժողովուրդին որպես իսլամի թշնամի թշնամի և պատմական բարեկամական հարաբերությունները սաբոտաժ անելու Ադրբեջանի փորձերը հաջողություն չեն ունենա»,- շեշտել է դեսպանը։

Նշենք,որ հոդվածում ՀՀ դեսպանը հանգամանալից անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրներին։