Կարսում Թուրքիայի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում

19

Կարսի Սարիղամիշի շրջանում շարունակվում է Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը, որը մեկնարկել է հունվարի 18-ին և շարունակվելու է մինչև փետրվարի 2-ը։

Զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։ Այն ազգային և օտարերկրյա մասնակից տարրերի ներգրավվածությամբ համարվում է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենալայնամասշտաբ «Ձմեռ» զորավարժությունը։

Զորավարժությանը հետևելու են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Թուրքիայի ԶՈւ հրամանատարական կազմը։

«Ձմեռ-2023»-ի նպատակներն են համատեղ գործողության կատարման ժամանակ համագործակցության և համակարգման ապահովումը, մարտական զենքերի, տրանսպորտային միջոցների կարողությունների և ստորաբաժանումների՝ խիստ ցուրտ եղանակներին մարտական հնարավորությունների փորձարկումը, ձմռան պայմաններում դաշտում տեղակայվելու, ապաստանելու, համալրման գործողություններում կրթական մակարդակի զարգացումն ու հրամանատարական վերահսկման համակարգերի գործարկման ապահովումը։

Զորավարժության ընթացքում խաղարկվելու են հարձակման, օդային հարձակման, դեսանտի իջեցման, օդային լոգիստիկ աջակցության գործողություններ։ Զորավարժությանը մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, ականանետային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարական անձնակազմը, կոմանդոսներ և ուղղաթիռներ։