Ադրբեջան պնդում է, թե երկրում ձերբակալվել է «Իրանի համար աշխատող 39 գործակալներ» Նման հաղորդագրություն է այսօր տարածել APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի ՆԳՆ-ն «իրանական լրտեսական ցանցի» դեմ հատուկ գործողության մասին հայտարարեց նախօրեին։ Դրա ընթացքում խուզարկություններ էին իրականացվել մի շարք անձանց բնակարաններում ինչպես նաև Բաքվում գործող Salamnews և Inter.az կայքերի խմբագրություններում։
Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են:
Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը: Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան: