Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ-ում շարունակում է դրական դինամիկա դրսևորել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
«Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90 տոկոսով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50 տոկոսով»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը հետագա զարգացման համար անհրաժեշտ է համարում շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ներքին հնարավորությունների ու ռեսուրսների ամուր հենքի վրա կառուցված համակարգված և հետևողական աշխատանքը:
«Այս նպատակներին հասնելու համար կարևոր է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության մեծացումը։ Իհարկե, դեռևս որոշիչ դեր են խաղում արտադրողներին՝ արտադրության բոլոր փուլերում աջակցելուն ուղղված միջոցառումները»,- նշել է Փաշինյանը: