Ինը երկրների, այդ թվում՝ Ստամբուլում իրենց հյուպատոսությունները փակած դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է TRT Haber պետական հեռուստաալիքը։
Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտնել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։
Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը հայտնել է, որ այն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի օրը մի շարք եվրոպական երկրների կողմից Ստամբուլում իրենց հյուպատոսությունների փակումը ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին անվանել է «հոգեբանական պատերազմ» ՝ երկրի դեմ։