Հայաստանը 2 շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել` հիմնվելով ՀՀ պետսահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, «որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը»։
Այսպիսով, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Փաշինյանի տեղեկացմամբ` փետրվարի 24-ի առավոտյան կկայանա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարներն ու դրանցից բխող միջոցառումները։
«Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են»,- եզրափակել է վարչապետը։
Փետրվարի 23-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 43-ի է հասել, գրանցվել է մահվան 8 դեպք: